ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վարչապետ Էրդողանը վերջապես ընդունում է, որ Թուրքիան էթնիկ զտումներ է իրականացրել

Վարչապետ Էրդողանը վերջապես ընդունում է, որ Թուրքիան էթնիկ զտումներ է իրականացրել
02.06.2009 | 00:00

ԱՆՑՅԱԼԻ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ,
«Կալիֆոռնիա Կուրիեր»-ի հրատարակիչ
ԻՐ խիզախ հայտարարության մեջ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ ընդունեց, որ անցյալ դարում տասնյակ հազարավոր էթնիկ հույների արտաքսումը Թուրքիայից «ֆաշիստական գործողություն է», հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը:
Որոշ մեկնաբաններ Էրդողանի արտահայտությունները դիտարկել են որպես 1923 թվականին Թուրքիայից Հունաստան 1,5 միլիոն էթնիկ հույների վտարման վկայակոչում: Բնակչության զանգվածային փոխանակումը երկու երկրների միջև ներառել է նաև ավելի քան 500 հազար էթնիկ թուրքերի տեղափոխումը Հունաստանից Թուրքիա:
Այլ մեկնաբանների կարծիքով` Էրդողանն անդրադարձել է 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում թուրք խուժանի կողմից հունական հազարավոր խանութների և տների թալանի ու կողոպուտի դեպքերին, որոնք հետևեցին Սալոնիկում Աթաթուրքի տան հրկիզման մասին կեղծ հաղորդագրությանը:
Հույների արտաքսումից բացի, Էրդողանն անուղղակի անդրադարձել է նաև Թուրքիայում այլ էթնիկ խմբերի, ինչպես, օրինակ` հայերի ողբերգական ճակատագրին: «Տարիներ շարունակ տարբեր ինքնություն ունեցողներին վռնդել են մեր երկրից… Դրանք ողջամիտ արարքներ չէին: Սա իրականացվել է ֆաշիստական մոտեցմամբ»,- հայտարարել է Էրդողանը արևմտյան Դյուշե նահանգում մայիսի 23-ին տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության տարեկան համաժողովի ժամանակ:
«Բազում տարիներ այս երկրում զանազան փաստեր են արձանագրվել ի վնաս էթնիկ փոքրամասնությունների, որոնք բնակվում են այստեղ: Նրանք էթնիկ զտումների են ենթարկվել, որովհետև ունեցել են տարբեր էթնիկ մշակութային ինքնություն: Ժամանակն է` ինքներս մեզ հարցնենք` ինչո՞ւ է դա տեղի ունեցել, և ի՞նչ ենք մենք սովորել դրանից: Մինչ այժմ այս հարցով որևէ վերլուծություն չի կատարվել: Իրականում նման պահվածքը ֆաշիստական գաղափարախոսության արդյունք է: Մենք նույնպես կատարել ենք այս լուրջ սխալը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետի անկեղծ դիտողություններն արժանացել են ընդդիմադիր կուսակցությունների սուր քննադատությանը: Գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական» կուսակցության (Republican People’s Party-CHP) փոխնախագահ Օնուր Օյմենը հայտարարել է, թե ճիշտ չէ զուգորդումներ անցկացնել ասեկոսեների վրա հիմնված Թուրքիայի պատմության և այնպիսի եզրույթի միջև, ինչպիսին «ֆաշիզմն» է: Նա նաև նշել է, որ Թուրքիայի ոչ մի քաղաքացի երբևէ չի արտաքսվել իր էթնիկ պատկանելության պատճառով:
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունից (Nationalist Movement Party- MHP) Օքթայ Վուրալն ավելացրել է. «Էրդողանի բառերն անարգում են թուրք ազգը»: Իսկ թուրք լիբերալ մեկնաբանները, ճիշտ հակառակը, գովաբանել են Էրդողանին իր հաշտարար խոսքերի համար։ «Առաջին անգամ դուք ունեք վարչապետ, ով ցանկանում է ընդունել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կատարված սխալները: Սա պատմական երևույթ է»,- «Միլիեթ» թերթում գրել է լրագրող Սամի Քոհենը, եզրահանգելով` «Մնում է տեսնել` արդյո՞ք այս քարոզչությունը կուղեկցվի գործողություններով»: «Հյուրիեթ Դեյլի Նյուզը» գրում է. «Էրդողանի ելույթը պատմական էր. առաջին անգամ է, որ բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է, որ անցյալում փոքրամասնությունների նկատմամբ տեղի են ունեցել անօրինական և հակաժողովրդավարական գործողություններ»:
Նման տեսակետ է հայտնել նաև պրոֆեսոր Հալիլ Բերքթայը «Վաթան» պարբերականում. «Սա Էրդողանի երբևէ արած ամենախիզախ հայտարարությունն էր»: Իր լիբերալ հայացքներով քաջ հայտնի մեկ այլ գիտնական` Բասքին Օրանը, «Սթար» թերթին հայտնել է, որ «հպարտ է այն վարչապետով, ով դատապարտում է էթնիկ և կրոնական զտումները»:
«Սի Էն Էն Թուրք Նյուզ»-ի տնօրեն Ռիդվան Ակարն ավելի թերահավատ է Էրդողանի իրական մտադրությունների առնչությամբ: Նա «Վաթան»-ում գրել է. «Փոքրամասնությունների, ինչպես նաև կրոնական հաստատություններին պատկանողների իրավունքները կառուցվածքային խնդիր են Թուրքիայում: Իհարկե, այս հայտարարությամբ Էրդողանը քայլ է անում ճիշտ ուղղությամբ: Սակայն նրա խոսքերի անկեղծությունը կախված կլինի այդ խոսքերը հաստատող փաստերից, ինչպես, օրինակ, տարագիրների իրավունքները վերականգնելուց, բռնազավթած սեփականությունը վերադարձնելուց կամ փոխհատուցելուց»:
Վարչապետ Էրդողանի հայտարարությունը խոստումնալից է, եթե այն ենթադրում է, որ Թուրքիայի ղեկավարները վերջապես որոշել են ընդունել իրենց երկրի պատմության այլանդակ էջերը:
Ինչևէ, սխալ կլինի չափազանց լավատեսական եզրակացություններ անել այս միակ հայտարարությունից։ Էրդողանը նմանատիպ արտահայտություններ արել է Թուրքիայում բնակվող քրդերի վերաբերյալ, սակայն այնուհետև խորտակել է նրանց հույսերը` անսպասելի պատժիչ գործողություններ կիրառելով նրանց դեմ:
Փաստն այն է, որ Էրդողանն իր երկրի քաղաքական դաշտի տերը չէ: «Ֆաշիստները», որոնց վրա նա հարձակվում է, թաղված չեն օսմանյան պատմական գերեզմանում, այլ կենդանի են և ընդունված թուրք հասարակության կողմից, ռազմական և իրավական դաշտում գրավում են բարձրագույն պաշտոններ:
Էրդողանը քաղաքականապես բավական ուշիմ է` գիտակցելու համար, որ ֆաշիզմի դատապարտումն արձագանք կունենա ինչպես Թուրքիայում, այնպես էլ Արևմուտքում` արժանանալով դրվատանքի և շահելով աջակցություն` երկրի ներսում իր ազդեցիկ հակառակորդների դեմ պայքարի ճանապարհին:
Էրդողանի պայքարը Թուրքիայի անցյալի ուրվականների դեմ, փաստորեն, պայքար է իր քաղաքական գոյատևման համար ու նրանց դեմ, ովքեր այսօրվա Թուրքիայում խոր կասկածանքով են վերաբերվում իրեն և իր Իսլամական կուսակցությանն ու վճռական են հակադրվելու նրա յուրաքանչյուր քայլին` վերջնանպատակ ունենալով իշխանությունից նրա հեռացումը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
«Արտասահմանյան մամուլի տեսություն» էջից

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ